Հասցեն՝ Ամենագույնզգույն երկիրը աշխարհում՝ Հայաստան

Մանուշակ

Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս է, որը մշակվում է որպես երկամյա կամ միամյա։ Ամենատարածված և սիրված ծաղկաբույսերից մեկն է, որն աչքի է ընկնում երկարատև ծաղկմամբ (վաղ գարնանից մինչև աշուն) և ծաղիկների խիստ յուրահատուկ գանավորմամբ։ Պսակաթերթիկների մի մասը կապույտ է՝ երիզված սպիտակ շրջանակով, մյուսները դեղին են, երկնագույն, մաքուր սպիտակ և այլն։

Ծաղիկները մեկական են, խթանավոր, նստած բավականին երկար ծաղկակոթունի վրա։ Կան սորտեր, որոնց ծաղկի տրամագիծը հասնում է 5 – 10 սմ-ի։ Սակայն ամռան կեսերին, շոգերը սկսվելու հետ եռագույն մանուշակի ծաղիկները աստիճանաբար մանրանում են և հաճախ բույսը լրիվ ոչնչանում է։ Բավականին ցրտադիմացկուն բույս է, խոնավասեր է։ Ստվերատար է, ավելի երկար է ծաղկում ցրված, բայց առատ լույսի պայմաններում նոսրասաղարթ բույսերի ստվերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ է, գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ թեթև ավազակավային կամ կավավազային հողեր։

Ցանքը կատարում են հունիս-հուլիսին՝ սառը ջերմոցներում (քանի որ սերմերը մանր են, խորը չի կարելի ցանել)։ Երբ ծիլերը երևում են, ջերմոցի շրջանակները հանում են և սերմնաբույսերը վերատնկում են սածիլանոցներում՝ 8X8 սմ հեռավորության վրա։ Հետագայում նոսրացում են կատարում, թողնելով բույսը բույսից 20 — 25 սմ հեռավորության վրա։ Հաջորդ գարնանը միջշարքերը փխրեցնում են, պայքարում մոլախոտերի դեմ և առատ ոռոգում։

Օգտագործում են գորգային ծաղկեթմբերում, ծաղկային օջախներում, եզրաշերտերում և այլ տիպի ծաղկային ձևավորումներում։